1 ապրիլի 2017 - 12:39 AMT
ՄԱԿ-ը կոչ է արել վերսկսել բանակցությունները ԼՂ հարցի կարգավորման շուրջ

ՄԱԿ քարտուղարությունը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին վերսկսել բանակցությունները՝ նշելով, որ անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքը:

Ըստ նրա, ՄԱԿ քարտուղարությունում ի գիտություն են ընդունել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը և սատարում են Բաքվին և Երևանին ուղղված նրանց կոչին հրադադարի պահպանումը խարխլող ցանկացած գործողությունից զերծ մնալու վերաբերյալ:

«Մենք ողջունում ենք լարվածության նվազեցմանն ուղղված բոլոր ջանքերն ու կոչ ենք անում վերսկսել առարկայական բանակցությունները, որոնք կտանեն դեպի ղարաբաղյան հակամարտության կարգավորում», -ասել է Հանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը միացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ավելի վաղ արված հայտարարությանը, որով ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արվել ակտիվացնել կարգավորման քաղաքական գործընթացը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել: Նրանք հայտնել են, որ պատրաստ են շարունակել բանակցային գործընթացը՝ մինչև հիմնախնդրին խաղաղ ու քաղաքական լուծում կգտնվի: Երկու երկրների իշխանությունների հետ հանդիպումներում, ըստ հայտարարության, համանախագահները ընդգծել են դեսպան Կասպշիկի առաքելությանն աջակցությունն ու դրա սկզբունքային նշանակությունը: Համանախագահները նաև պնդել են, որ զինադադարի նկատմամբ հարգանքը կարևոր է հետագա բանակցություններում կառուցողական ու փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար: