1 ապրիլի 2017 - 13:27 AMT
Հրապարակվել են ՄԻՊ 2016-ի տարեկան հաղորդումն ու զեկույցը

Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի պահանջների` հրապարակվել են 2016-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2016-ի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստվել է նաեւ արտահերթ զեկույց 2016-ի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ: Այն իրենից ներկայացնում է ուղեցույցային նշանակության փաստաթուղթ, որի հիմքում դրված են ինչպես բողոքների քննարկման ու փաստահավաք աշխատանքների, այնպես էլ մոնիտորինգային գործունեության եւ լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքեր: Այդ արտահերթ զեկույցը կհրապարակվի առաջիկայում:

Հրապարակված տարեկան հաղորդման ու կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով: