17 հոկտեմբերի 2007 - 16:50 AMT
ՀՀ ԱԳՆ. Բաքվի հայտարարություններն այն մասին, որ Ցեղասպանության մասին բանաձեւը կվնասի Ղարաբաղի գործընթացին, անտրամաբանական են
Ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մաին, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կարող է խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, բացարձակապես զրկված են տրամաբանությունից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո-քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նա տարակուսանք եւ զարմանք է հայտնել նման մոտեցման մոտիվների առնչությամբ:

Նշենք, որ ադրբեջանցի քաղաքագետ Զաֆար Ղուլիեւը օրերս հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման որոշումը էական հարված է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին»: Նման հայտարարություններով են հանդես եկել նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձինք:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21` «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալարտ էր ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս բանաձեւին սատարում են 227 կոնգրեսականներ: 106-րդ բանաձեւը ընդամենը «Պալատի բանաձեւ է» (The House resolution): Այն չպետք է հաստատվի ԱՄՆ Սենատում եւ չի ստորագրվում նախագահի կողմից: