2 ապրիլի 2017 - 15:27 AMT
«Քաղաքացի դիտորդ». Քվեարկության 4 ժամում 98 սարք է խափանվել

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 անկախ և անկողմնակալ դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացնում 1521 ընտրատեղամասում: Եվս 38 շրջիկ խմբեր դիտորդական առաքելություն են իրականացնում 38 ընտրատարածքային հանձնաժողովի սպասարկման տարածքում:

Դիտորդները ժամը 12:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 681 խախտում, որոնք ստուգման փուլում են:

Մասնավորապես արձանագրվել են հետևյալ խախտումները.

98 գրանցող սարքի խափանում, 77 բաց քվեարկություն, 38 ընտրողի կողմից քվեարկության գաղտնիության խախտում, 38 վերահսկողություն քվեարկության նկատմամբ այլ անձի կողմից, 50 ընտրողների ուղեկցման և ուղղորդման դեպք, 45 մարդկանց և մեքենաների կուտակումներ, 40 ընտրողին օգնելու կարգի խախտումներ, 34 կողմնակի անձանց ներկայություն ընտրատեղամասերում, 27 քվեաթերթիկի դուրս հանում/ներս բերում 21 վիճակահանությամբ նախատեսված հերթափոխի խախտում, 20 անձը հաստատող փաստաթղթի և գրանցման սարքում առկա տվյալների անհամաձայնություն, 19 գրանցող սարքում ընտրողի անվան բացակայություն, 18 դիտորդների իրավունքների խախտում, 18 վստահված անձանց իրավունքների խախտում, 11 տեղամասերը չեն բացվել ժամանակին, 10 քարոզչության դեպք ընտրատեղամասում, 9 այլ անձի ստորագրության առկայություն ընտրողի անվան դիմաց, 7 ընտրելու իրավունքի խախտում, 6 կրկնաքվեարկության փորձ, 3 ճնշում և բռնություն, 92 այլ խախտումներ:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից ընտրատեղամասային գրանցամատյանում արձանագրվել է նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի խախտումների վերաբերյալ 247 դիտարկում:

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ 33,46%-ը:

Ընտրողների ընդհանուր թիվը 2 587 706 է:

Կարդացեք նաև՝ ԱԺ ընտրություններ. Թարմացվող լրահոս