3 ապրիլի 2017 - 13:57 AMT
Մոլդովան հուշագիր է ստորագրել ԵՏՄ հետ գործակցության մասին

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Քիշնևում Մոլդովայի և ԵՏՄ համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:

Հուշագրով նախատեսվում է ԵՏՀ և Մոլդովայի միջև փոխգործակցության համատեղ աշխատանքային խմբի ստեղծում: Որպես նպատակ նշված է «աջակցությունը ԵՏՄ անդամ երկրների հետ Մոլդովայի համակողմանի փոխգործակցության զարգացմանը. փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալների ավելացմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությանը»:

«Մոլդովան շահագրգռված է համագործակցել ԵՏՄ հետ, ինչը շահավետ կլինի երկրի համար՝ ինչպես ցույց են տալիս բազմաթիվ հարցումները, դրան է սատարում երկրի քաղաքացիների 50 տոկոսը», - ասել է Դոդոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթում ասվում է, որ «հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և իրավունքներ ու պարտավորություններ չի սահմանում կողմերի համար»: Այդ կապակցությամբ Մոլդովայի նախագահը հայտարարել է, որ հուշագիրը վավերացման կարիք չունի և չի ուղղվելու խորհրդարանի քննարկմանը:

Դոդոնը հավելել է, որ Մոլդովան ձգտում է ԵՏՄ հետ առավել սերտ գործակցության:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոլդովայի խորհրդարանը չի վավերացնի ԵՏՄ-ին միանալու մասին համաձայնագիրը, նույնիսկ դիտորդի կարգավիճակով: Այդ մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո:

«Կա մեր երկրի ԱԳՆ և խորհրդարանի դիրքորոշումը, այն է՝ նույնիսկ եթե այդ փաստաթուղթը ստորագրվի, ապա այն չի վավերացվի: Նախագահը երկրի սեփականատերը չէ, նա իրավունք ունի համաձայնագրեր կնքել ու ստորագրել, սակայն, համաձյանգրերը պետք է վավերացնի խորհրդարանը: Ստորագրելով փաստաթղթերը՝ պետության ղեկավարը պետք է ներկայացնի երկրի շահերը, ոչ թե միայն սեփական կարծիքը»,-ասել է Ֆիլիպը:

Ապրիլի սկզբին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պետք է համաձայնագիր ստորագրեր դիտորդի կարգավիճակով ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Նա հայտարարել էր, որ փաստաթուղթը կստորագրվի ապրիլի 3-ին Քիշնևում և կարծիք է հայտնել, որ դա ավելի դյուրին կդարձնի առևտուրը ոչ միայն ՌԴ, այլ նաև ԵՏՄ անդամ երկրների հետ: