17 հոկտեմբերի 2007 - 21:15 AMT
Թուրքական խորհրդարանի որոշումը ցույց է տվել` ինչպիսի «դաշնակից է» Թուրքիան
Հյուսիսային Իրաքում ռազմական գործողության ծրագրի հավանության մասին թուրքական խորհրդարանի որոշումը պատմական է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Քվեարկությունը Թուրքիայի խորհրդարանում ցույց է տվել` ինչպիսի երկիր եւ «դաշնակից է» Թուրքիան: Ողջ միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Թուրքիան մտադիր է եւ կանի այն, ինչ ցանկանում է, եւ ոչ ոք նրան չի կարող կանգնեցնել»,- ընդգծել է Վարդանյանը:

Հիշեցնենք, որ այսօր թուրք խորհրդարանականները կողմ են քվեարկել Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատանքային կուսակցության գրոհայինների դեմ ռազմական գործողության ծրագրին, անուշադրության մատնելով Իրաքի առաջարկությունը` դիվանագիտական ճանապարհով կարգավորել խնդիրը: Որոշումն ընդունվել է, չնայած ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն դեմ էին այդ ներխուժմանը: