18 հոկտեմբերի 2007 - 13:23 AMT
Նենսի Փելոսին ճշտորեն կընտրի ժամանակը 106-րդ բանաձեւի հարցով քվեարկության համար
Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հարցով իրենց ստորագրությունները ետ կանչած կոնգրեսականների վրա շատ մեծ ճնշում է գործադրվել նախագահ Բուշի աշխատակազմի կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, նրանք բավական լուրջ մարդիկ են, եւ նրանց որոշումները վերջնական են: «Միեւնույն ժամանակ, ես կարծում եմ, որ Պալատի խոսնակ Նենսի Փելոսին չի հետաձգի քվեարկությունը: Փելոսին Կալիֆորնիան, Սան-Ֆրանցիսկոն ներկայացնող կոնգրեսական է, նրա ընտրազանգվածը հայ համայնքն է, եւ Փելոսին չի վտանգի իր քաղաքական կարիերան: Նա բավական խելացի քաղաքական գործիչ է եւ ճշտորեն կընտրի ժամանակը 106-րդ բանաձեւի հարցով քվեարկության համար»,- ընդգծել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուիտի տնօրենը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը պաշտպանող Պալատի մեծամասնության առաջնորդ, Մերիլենդ նահանգը ներկայացնող դեմոկրատ Ստենի Հոյերը հայտարարել է, որ քվեարկության ծրագրերը կարող են վերանայվել: