18 հոկտեմբերի 2007 - 13:43 AMT
Քրդական խնդիրը որեւէ ընդհանրություն չունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հետ
Հյուսիսային Իրաք ներխուժման վերաբերյալ ծրագրի հաստատումը Թուրքիայի խորհրդարանի կողմից որեւէ ընդհանրություն չունի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Թուրքիային շատ է անհանգստացնում այն, ինչ կատարվում է Հյուսիսային Իրաքում: «Հյուսիսային Իրաքում դե-ֆակտո գոյություն ունի Քրդստան, եւ Իրաքի քրդերը մեծ ազդեցություն են ունենում թուրք քրդերի վրա: Իսկ դա Թուրքիայի համար շատ կարեւոր գործոն է: Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հանդիպել է Սիրայի նախագահ Բաշար Ասադի հետ, Սիրիայում եւս քրդեր կան: Ճիշտ է, Սիրիան, ի տարբերություն Թուրքիայի, հայերի հետ հարցեր չունի: Արաբական երկրները հայկական հարցում իրենց միշտ շատ կոռեկտ են պահել: Սակայն Թուրքիան եւ Սիրիան ընդհանուր գլխացավ ունեն` քրդերը»,- ասել է Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին թուրք խորհրդարանականները կողմ են քվեարկել Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատանքային կուսակցության գրոհայինների դեմ ռազմական գործողության ծրագրին, անուշադրության մատնելով Իրաքի առաջարկությունը` դիվանագիտական ճանապարհով կարգավորել խնդիրը: Որոշումն ընդունվել է, չնայած ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն դեմ էին այդ ներխուժմանը: