4 ապրիլի 2017 - 16:54 AMT
ՄԱԿ. Ավելի քան 300.000 խաղաղ բնակիչ է հեռացել Մոսուլից

«Իսլամական պետությունից» Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից ի վեր ավելի քան 302.000 խաղաղ բնակիչ է հեռացել քաղաքից: Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել է ՄԱԿ-ը, գրում է Ինտերֆաքսը:

Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության, գրեթե 100.000 իրաքցի ստիպված է եղել լքել իր տունն արևմտյան Մոսուլում ծավալված մարտական գործողությունների պատճառով: Բացի այդ, ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ առնվազն 12 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ, բուժվում է Մոսուլում կիրառված քիմիական զենքի ազդեցության հետևանքներից:

Իրաքի նախագահը հումանիտար աղետ է անվանել այն, ինչ կատարվում է Մոսուլում: Ըստ Իրաքի նախագահի, «հումանիտար վիճակը միանշանակ բարդ է, սակայն խելամիտ չի լինի Մոսուլը թողնել ահաբեկիչների ձեռքում, որպեսզի այն ահաբեկիչների ակտիվության վայր դառնա: Դրա դեմ պայքարել է պետք, այդ պայքարն իր գինն ունի»: