5 ապրիլի 2017 - 11:52 AMT
ԼՂ-ն կօգտվի աշխարհի ականազերծմանն ուղղված բրիտանական $125 մլն ներդրումից

Մեծ Բրիտանիայի կառավարությունը £100 մլն (մոտ $125 մլն) է ներդրել մինչև 2025 թվականն աշխարհն ականազերծելուն ուղղված ծրագրում: Գումարը կուղղվի ականազերծմամբ զբաղվող «Հալո Թրասթ» և Mines Advisory Group բարեգործական ընկերություններին: Նշվում է, որ դրանով Միացյալ Թագավորությունը կաջակցի մոտ 800.000 մարդու ամբողջ աշխարհում, հաղորդում է BBC-ն:

Միևնույն ժամանակ ապրիլի 4-ին ականազերծման միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը «Հալո Թրասթ»-ի Լեռնային Ղարաբաղի ծրագրի ղեկավար Աշ Բոդդին հայտարարել է, որ բավարար միջոցների հավաքագրման դեպքում, մինչև 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը:

Նա ներկայացրել է կազմակերպության գործունեությունը և ականազերծման միջազգային փորձն ու նշանակությունը՝ կարևորելով Արցախի իշխանությունների աջակցությունը հանրապետությունում ականազերծման աշխատանքների արդյունավետության ապահովման գործում:

ԼՂՀ Կառավարության հաղորդմամբ, Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ևս մասնակցել է «Հալո Թրասթի» կազմակերպված միջոցառմանը:

«Հալո Թրասթ» կազմակերպությունն այնպիսի կարևոր աշխատանք է կատարում, որը երբեմն տեսանելի չէ, բայց մեծ նշանակություն ունի դժբախտ միջադեպերի կանխարգելման գործում: Կցանկանայի շնորհակալություն հայտնել կազմակերպության աշխատակիցներին և բոլոր աջակիցներին, ովքեր մշտապես կանգնել են «Հալո Թրասթ»-ի և Արցախի կողքին: Մենք բարձր ենք գնահատում ձեր կատարած աշխատանքը և միշտ պատրաստ ենք հնարավորինս աջակցելու կազմակերպության մարդասիրական գործունեությանը»,- ողջունելով ներկաներին՝ ասել է վարչապետը:

2005 թվականից ի վեր, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ, ապրիլի 4-ը հայտարարվել է ականային վտանգի մասին իրազեկման և ականազերծման գործունեությանն աջակցելու միջազգային օր: