19 հոկտեմբերի 2007 - 16:10 AMT
Թուրքիան փորձում է ՔՕ 301-րդ հոդվածը տեղափոխել ԱՄՆ
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) հակազդում է թուրքական լոբբիի ջանքերին, որը միլիոնավոր դոլարներ է ծախսում ԱՄՆ Կոնգրեսին ստիպելով Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը «կիրառել» ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության նկատմամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ հայերը` որպես Ամերիկայի քաղաքացիներ, դեմ են ամերիկյան արտաքին քաղաքականության «փոխանցմանը» Թուրքիային, վերջինիս թույլ տալով թելադրել «թե մարդու իրավունքներից որոնք մենք կարող ենք քննարկել, որոնք` ոչ»: «Թուրքական ջանքերը պատասխան են ստացել. կոնգրեսական Սայրսը «գլխի վերեւում կախված թուրքական թրի» քննադատությամբ է հանդես եկել, կոնգրեսական Քրոուլին «խայտառակություն է» անվանել Թուրքիայի համար Իրաքում ամերիկյան զորքերի հասցեին հնչած սպառնալիքները, իսկ սենատոր Մենենդեզը խիստ քննադատության է ենթարկել թուրք կառավարությանը, մեղադրելով նրան ԱՄՆ Կոնգրեսի քաղաքականության մեջ խառնվելու եւ սպառնալիքների մեջ»,- հայտնել է Համբարյանը: Նա նաեւ նշել է, որ ամերիկացիները վստահ են, որ նրանք առաջ են տանում ամերիկյան շահերը, երբ հավատարիմ են մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին: