5 ապրիլի 2017 - 14:33 AMT
Երևանի մետրոյում հսկողությունն ուժեղացվել է

Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյուններից հետո Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ուժեղացվել է անվտանգությունն ու հսկողությունը։

Ստուգվում են կասկածելի անձանց պայուսակները, ուսումնասիրվում են տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները։

«Մեր քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` մենք ուժեղացրեցինք վերահսկողությունը մետրոպոլիտենի կայարաններում։ Ես զրուցել եմ գործընկերներիս հետ, նախազգուշական միջոցներ կիրառվել են ԱՊՀ բոլոր երկրների մետրոներում»,- ասել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` մասնագետները հետևում էին տեսանկարահանող սարքերին, անհրաժեշտության դեպքում ոստիկանությունները լրացուցիչ զննում են կասկածելի չափեր ունեցող պայուսակները։

«Մեր փորձից ելնելով` կարելի է ասել, որ ոչ ոք երաշխավորված չէ նման երևույթներից։ Եթե տեսնում եմ, որ Մոսկվայի գործընկերս նման աշխատանք է տանում, մենք նույնպես պարտավոր ենք անել դա»,- ասել է Յայլոյանը։

Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ 11-ից հասնելով 14-ի: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր: