6 ապրիլի 2017 - 11:57 AMT
Ֆրանսիայի կոչը ԼՂ հակամարտության կողմերին՝ հարգել Վիեննայի և Պետերբուրգի հանձնառությունները

Ֆրանսիան մեկ տարի առաջ որպես Մինսկի խմբի համանախագահ, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ մոբիլիզացրեց իր ուժերը Լեռնային Ղարաբաղում ծավալված մարտերը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության հայտարարության մեջ, որտեղ ասվում է, որ մեկ տարի առաջ դադարեցին ապրիլի 2-5-ը ԼՂ-ում ծավալված և տարածաշրջանի բնակչությանը վշտով համակած պատերազմական գործողությունները:

Նշվում է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր համոզմունքը, որ առկա ստատուս քվոն պաշտպանունակ չէ և որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել կրակի դադարեցման, վստահության մեխանիզմների և բանակցությունները վերսկսելու մասին 2016թ. մայիսի 16-ի Վիեննայի և հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ստանձնած հանձնառությունները:

«Վերջերս, իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, Ֆրանսիայի նախագահը վերահաստատեց հակամարտության բանակցված և տևական, ողջ տարածաշրջանի կայունության և բարեկեցության համար նպաստավոր լուծում գտնելուն ուղղված Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մամուլի բաժինը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: