6 ապրիլի 2017 - 16:41 AMT
BBC. Հայաստանը վճռորոշ դեր է ունեցել աշխարհի հոգևոր պատմության մեջ

3-միլիոնանոց Հայաստանը Եվրոպայի ամենափոքր երկրներից է, որը, սակայն, զգալի դերակատարություն է ունեցել քրիստոնեական կրոնի պատմության մեջ: Հայաստանը առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն 301 թվականին: Այժմ ՀՀ բնակչության 95 տոկոսը քրիստոնյա է, այդ երկրում կարելի է տպավորիչ հինավուրց հուշարձաններ տեսնել ու տեսարժան վայրեր այցելել, պատմում է BBC-ին: Հոդվածում մասնավորապես ասվում է.

Քրիստոնեության ընդունումը

Պարբերականը նշում է, որ, ըստ ավանդության, Հայ Առաքելական եկեղեցու առաջին հոգևոր հովիվը Գրիգոր Լուսավորիչն է եղել: Նրա հայրը սպանել էր Հայաստանի արքա Խոսրով Երկրորդին և մահապատժի ենթարկվել, սակայն, Գրիգոր Լուսավորիչը կարողացել էր հասնել Կապադովկիա: Հետագայում նա վերադառնում է հայրենիք և Տրդատ Երկրորդը՝ Խոսրով Երկրորդի որդին, նրան բանտ է նետում: 30-ամյա բանտարկությունից հետո Գրիգոր Լուսավորիչը համոզում է թագավորին քրիստոնեություն ընդունել: Այդպիսով, Տրդատ Երրորդը 301թ. քրիստոնեությունը Հայաստանի պաշտոնական կրոնը հռչակեց:

Հոդվածում տեղեկություններ կան Հայաստանի հին հուշարձանների մասին: Գրված է, որ Գառնի գյուղի մոտ է գտնվում Գառնի հեթանոսական տաճարը, որը 1-ին դարում կառուցել է Տրդատ Առաջինը: Հայկական դիցաբանության մեջ համարվում է, որ այն Արևի պաշտամունքին էր նվիրված:

Հեթանոսական տաճարները կործանվեցին քրիստոնեություն ընդունելուց հետո, իսկ Գառնին մինչև մեր օրերը հասած միակ հեթանոսական տաճարն է Հայաստանում:

Հոդվածում նշվում է, որ Գառնին երկրի ամենապահանջված զբոսաշրջային վայրերից է՝ ամեն տարի այստեղ է այցելում մոտ 136.000 զբոսաշրջիկ:

Հայաստանի հոգևոր կենտրոնը

Հայաստանի մայրաքաղաքից դեպի արևմուտք է գտնվում Վաղարշապատը, որը հայտնի է որպես երկրի հոգևոր մայրաքաղաք: Այստեղ է գտնվում է 630թ-ի Սբ Գայանեի եկեղեցին, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում է ներառված և կառուցվել է սբ Գայանեի նահատակության վայրում:

Որպես հիշարժան վայր է հիշատակվում նաև Խոր Վիրապը: Նշվում է, որ եկեղեցին կառուցվել է 642թ. Գրիգոր Լուսավորչի պատվին և որ Խոր Վիրապը Հայաստանի ամենաշատ այցելուներ ունեցող վայրերից է:

Աղոթքի քարանձավները

Գառնիից դեպի հյուսիս-արևելք է գտնվում Գեղարդի վանական համալիրը, որը նույնպես ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում է: Վանքը կառուցվել է 4 դարում, մյուս շինությունները՝ 13-րդ: Նշվում է, որ այն կոչվում է նաև Այրիվանք կամ վիմափոր եկեղեցի:

Ըստ լեգենդի, վանքն անվանել են Գեղարդ, քանի որ այստեղ է պահվել Հիսուս Քրիստոսի մարմինը խոցած գեղարդը, որը հետո տեղափոխվել է: Համարվում է, որ այն Գեղարդում է պահվել 500 տարի: Այժմ գեղարդը գտնվում է Էջմիածնում:

14-րդ դարում է կառուցվել Վայոց ձորի Զորաց եկեղեցին, երբ երկիրը մոնղոլների տիրապետության տակ էր: Քանի որ խորանը բավականին բարձր է կառուցված, պատմաբանները կարծում են, որ դա արվել է, որպեսզի հեծյալները, ձիուց չիջնելով, կարողանան օրհնություն ստանալ և անմիջապես պատերազմ գնալ:

Հոդվածում ասվում է նաև խաչքարերի մասին, որոնք հոգու փրկության խորհրդանիշ են համարվել: Առաջին անգամ խաչքարերը հիշատակվում են 9-րդ դարում և նույնպես ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում:

Պատմական Քարահունջը կամ Զորաց քարերը գտնվում են Հայաստանի Սյունիքի մարզում: Հուշարձանի տարիքը հասնում է 7000-ի: Հոդվածում նշվում է, որ հաճած այն համեմատում են Սթոունհենջի հետ: