22 հոկտեմբերի 2007 - 18:49 AMT
Բրյուսելում թուրք ծայրահեղականները ավերել եւ այրել են հայկական մի սրճարան
Բրյուսելում հոկտեմբերի լույս 22-ի գիշերը շուրջ 200 մարդ, որ «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղական խմբավորման անդամներ են, ավերել եւ այրել են «Բաբելոնյան պարտեզ» սրճարանը, որ պատկանում է մի իրաքահայի: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, «հարձակումից քիչ առաջ խուլիգանները պոկել են Բրյուսելում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտի ամերիկյան դրոշը եւ այրել են այն դեսպանատան առջեւ»: Թուրքական ծագում ունեցող բելգիացի լրագրող Մեհմետ Քոկսալը նկարահանել է այդ տեսարանը տեսախցիկով, որից հետո դաժանորեն ծեծվել է ցուցարարների կողմից, որոնք թշնամական եւ վիրավորական կարգախոսներ էին բղավում ԱՄՆ-ի հասցեին: Ցույցն ուղղակի առնչություն ունի քրդերի ւ թուրքերի բախմանը Թուրքիայի արեւելքում, որի արդյունքում զոհվել են 12 թուրք զինվորականներ եւ 32 քուրդ գրոհայիններ:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Եվրոպայի հայկական դաշնությունում, այդ պահին սրճարանում եղել է շուրջ 20 հոգի, որոնցից ոչ ոք չի տուժել: Սակայն հաղորդվում է մեկ վիրավոր ոստիկանի մասին: