10 ապրիլի 2017 - 10:24 AMT
Հոնկոնգում հայկական և վրացական ձեռագրերի ցուցահանդես կբացվի

Հոնկոնգի համալսարանում հայկական և վրացական ձեռագրերի ցուցահանդես կբացվի, որը կանցկացվի «Հռչակավոր նկարազարդում. XI-XVIII դարերի հայկական և վրացական ձեռագրերը» խորագրի ներքո:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 11-ը, գրում է South China Morning Post-ը:

«Հայկական ձեռագրերն ամենահարուստ պատկերազարդումներով ձեռագրերն են Մերձավոր Արևելքի քրիստոնեական եկեղեցիներից: Դրանց մեջ առաջնային նշանակություն ունի Ավետարանը: Հայերն այն պաշտում են նույնքան, որքան հույն ու ռուս ուղղափառները՝ սրբապատկերները»,- նշել է Հոնկոնգի համալսարանի Թանգարանի և գեղարվեստական պատկերասրահի տնօրեն Ֆլորիան Կնոտեն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ հայկական ձեռագրերի ցուցահանդես կկազմակերպվի նաև Լեհաստանի Կելցե քաղաքում: