10 ապրիլի 2017 - 12:02 AMT
Խաղաղության ուղերձով վահանակներ՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

«Խաղաղությունն արվեստի» կազմակերպությունը շարունակում է իր ամենամյա ակցիան` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի 7 բանուկ մայրուղիների վրա մարտ և ապրիլ ամիսների ընթացքում տեղադրելով էլեկտրոնային վահանակներ, կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց ցեղասպանությունը:

«Խաղաղությունն արվեստի» կազմակերպության հիմնադիր նախագահ, նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանը ամփոփելով կազմակերպության այս տարվա գործունեությունը ասել է.

«Խաղաղությունն արվեստի» կազմակերպությունը 2017 թ-ի մարտ ամսից արդեն իսկ 7 վահանակ է տեղեադրվել Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում, իսկ ապրիլին Վրենթհեմի քաղաքում բարձրացավ թվով 8-րդ էլեկտրոնային վահանակը` իրար հաջորդող 2 լուսային էկրաններով: Առաջինի վրա երևում են Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները, ովքեր Խոր Վիրապից Մասիսի ուղղությամբ խաղաղության պատգամ են ուղարկում Թուրքիային` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը` հարգելով հիշատակը Հոլոքոստի, ինչպես նաև բոլոր ցեղասպանությունների անմեղ նահատակների:

Երկրորդ էկրանի վրա գրված է մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի խաղաղության պատգամը. «Եթե ազգերը կարողանան լուծել իրենց միջև տարաձայնությունները` նրանք հեշտությամբ կարող են հաստատել տևական խաղաղություն»: Նմանատիպ վահանակներ են բարձրացել նաև ԱՄՆ-ի Քենետիքեթ նահանգի Նյու Բրիթեն քաղաքում և Օհայոյի` Քլիվլենդ քաղաքում»:

2003 թ-ին Դանիել Վարուժան Հեճինյանը հիմնել է «Խաղաղությունն արվեստի» անշահույթ կրթական մարդասիրական կազմակերպությունը, որն օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն` իրազեկելով մարդկային գոյավիճակի մասին, նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը՝ առանցք ունենալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: