Հնարավոր է, ՀՀ 911-ը պարսկերեն լեզվին տիրապետող օպերատորներ ունենա: Այս մասին ասվել է ապրիլի 11-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հանդիպմանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկերի նվազեցման ու կանխարգելման ոլորտում հայ-իրանական գործակցության ծավալների ընդլայնումը:
Նախարար Տոնոյանն առաջարկել է Հայաստանում Իրանի քաղաքացիների զբոսաշրջության առավել ակտիվ ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունում սահմանել պարսկերեն լեզվին տիրապետող օպերատորների հերթապահություն, որոնք կսպասարկեն զբոսաշրջիկների կողմից ստացվող զանգերը:
Կողմերը պայմանավորվել են սերտացնել ԱԻ ոլորտում համագործակցությունը երկու երկրի միջև՝ նշելով, որ դեկտեմբերին ստորագրված «ՀՀ ԱԻՆ և ԻԻՀ ՆԳՆ միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրն, ըստ էության, նոր էջ է բացում համատեղ գործունեության խորացման և ընդլայնման համար:
Քննարկվել են ՀՀ ԱԻՆ-ի և արտակարգ իրավիճակների ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության մի շարք շահագրգիռ գերատեսչությունների միջև փորձի փոխանակման և համատեղ վարժանքների իրականացման հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համատեղ գործունեության դերակատարումը Հարավային Կովկասի տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման հիմնախնդրում՝ նշելով նաև Իրանի Կարմիր մահիկի ներգրավածության կարևորությունը՝ հատկապես Հայաստանի սահմանամերձ գոտիներում իրականացվող աշխատանքներում:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համատեղ աշխատանքներ իրականացնել ճգնաժամերին արձագանքելու անդրսահմանային մեխանիզմներ մշակելու ուղղությամբ: