23 հոկտեմբերի 2007 - 19:32 AMT
Մեծ Բրիտանիան եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել ռազմավարական գործընկերության մասին
Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի վարչապետեր Գորդոն Բրաունն ու Ռեջեփ Էրդողանը Լոնդոնում երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել: «Համաձայնագիրը նախատեսելու է Թուրքիայում բրիտանական համալսարանի բացում, առեւտրական համագործակցության զարգացում երկու երկրների միջեւ, փոխգործակցություն էներգետիկայի բնագավառում եւ տարածաշրջանային էներգետիկ կենտրոնի ստեղծում, ինչպես նաեւ Իրաքի Բասրեում ինդուստրիալ գոտու համատեղ ստեղծում»,- ասել է Բրաունը:

Թուրք վարչապետը, իր հերթին, նշել է, որ երկու երկրների առեւտրի մակարդակը 2006 թվականին հասել է 6 միլիարդ ֆունտ ստեռլինգի, իսկ ամեն տարի Թուրքիա է այցելում 1,5 միլիոն անգլիացի զբոսաշրջիկ: Գորդոն Բրաունը ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան պաշտպանում է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին եւ հուսով է, որ Եվրամիության դեկտեմբերյան գագաթնաժողովին կընդունվեն նոր որոշումներ այդ ուղղությամբ: «Անդամակցությունը ԵՄ-ին հանդիսանում է մեր գերակայությունը, եւ մենք շարունակելու ենք շարժվել այդ ուղղությամբ»,- իր հերթին, ասել է Էրդողանը: Նա խոստացել է, որ ընդ որում, անկասկած, հաշվի կառնվի նաեւ «Կիպրոսի հարցը», որի շուրջ առկա տարաձայնությունները հանդիսանում են գլխավոր խոչընդոտները դեպի Եվրամիություն Թուրքիայի առաջխաղացման գործընթացում: «Մենք հուսով ենք, որ Կիպրոսի հարցով կարգավորումը կլինի ՄԱԿ-ի շրջանակներում, եւ դա կլինի արդար որոշում»,- նշել է Ռեջեփ Էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: