Խոցասուսերակիր Էմմա Պողոսովան, ով սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում առաջին անգամ տեղ է զբաղեցրել ութ ուժեղագույնի մեջ, ասել է, որ քառյակում հայտնվելու շանս ուներ, սակայն արդեն գերհոգնած էր:
Ապրիլի 5-ին Էմմա Պողոսովան Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացված սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է 5-րդ տեղը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայ սուսերամարտիկը տեղ է զբաղեցնում աշխարհի երիտասարդ ուժեղագույն խոցասուսերակիրների լավագույն ութնյակում:
«Մրցակիցներս աստիճանաբար ավելի ուժեղ էին դառնում: Ամենադժվար մենամարտն ամերիկացի սուսերամարտիկի հետ էր: Գիտակցում էի այդ փաստը: Սկզբում պարտվում էի, բայց հետո հավաքվեցի և մեկ միավորի առավելությամբ հաղթեցի (15:14):
Մյուս մարզիկները ևս ուժեղ և բարձրակարգ էին: Այս արդյունքն ինձ մեծ վստահություն տվեց: Լավագույն քառյակում տեղ գտնելու շանսեր ունեի, սակայն գերհոգնած էի: Ակնհայտ է, որ աշխատելու տեղ կա»,-նշել է սուսերամարտիկը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Պողոսովայի խոսքով, այս արդյունքն իր և թիմի համար շատ կարևոր էր: Նրանք հետզհետե ավելի շատ մրցաշարերի կմասնակցեն.
«Միջազգային մակարդակում աստիճանաբար երևում ենք: Մեզ նաև հրավերներ են ուղարկում տարբեր երկրներում մրցումների մասնակցելու համար: Ինը օրից կմեկնեմ Մինսկ, որտեղ կմասնակցեմ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Ակնկալում եմ, որ այնտեղ նույնպես լավագույն 16-ի կամ 8-ի մեջ կլինեմ, չնայած մրցակիցներս ինձնից մեծ են:
Դրանից հետո Վրաստանում և Գերմանիայում կմասնակցեմ մեծահասակների մրցաշարերի, օգոստոսին՝ ուսանողական խաղերին: Իսկ ինձ համար նպատակ ունեմ լինել ոչ միայն ուժեղագույնների թվում, այլև` ուժեղագույնը»: