12 ապրիլի 2017 - 12:14 AMT
ՀՀ-ն մասնակցում է ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի քննարկմանը

ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը Բիշքեկում ապրիլի 12-ին մասնակցում է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հերթական նիստին:

Տեղի կունենա նաև ռազմաօդային ուժերի, հակաօդային, զենիթահրթիռային, օդատիեզերային պաշտպանության զորքերի հրամանատարների ուսումնամեթոդական հավաք, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Քննարկվելու են ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի գործունեությանն առնչվող հարցեր:

Նիստին ՀՀ-ից բացի մասնակցում են նաև ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները:

1995 թվականի փետրվարի 10-ին ԱՊՀ 10 պետությունների միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի ստեղծվում է ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգ։ Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան։ ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգում չներգրավվեցին Ադրբեջանը, Մոլդովան:

1997 թվականից համակարգից դուրս եկան Վրաստանն ու Թուրքմենստանը, իսկ Ուզբեկստանն ու Ուկրաինան համագործակցում են Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցության շրջանակներում։