12 ապրիլի 2017 - 13:59 AMT
ՀԲՃ. Լուսանկարներից երևում է՝ Գոշի տարածքում ոչ միայն մաքրման աշխատանքներ էին

Գոշ լճի տարածքում ապօրինի հողային աշխատանքներ են կատարվել: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը:

«Հրապարակված լուսանկարներից ու տեսանյութից ակնհայտորեն երևում է, որ դրանք պարզապես մաքրման աշխատանքներ չեն, հենց լճի տարածքում հողային աշխատանքներ են գնում, լճից տիղմը հանել են ափ, տարածքը փորում են:

Իսկ «Դիլիջան» ազգային պարկի տարածք թրթուրավոր տեխնիկայի մուտքն օրենգով արգելված է: Պաշտոնական հարցում ենք ուղարկել բնապահպանության նախարարություն, սպասում ենք, որ տրամադրեն փաստաթղթեր, որոնց հիման վրա է այդ ամենը կատարվել», - ասաց Գալստյանը:

Նա հայտնեց, որ նախաձեռնության աջակիցներն ապրիլի 12-ին պետք է տեղում ճշտեն իրադարձությունները:

Հետքն ապրիլի 11-ին տեղեկատվություն է հրապարակել, ըստ որի Գոշ լճի տարածքում իրականացվում է ապօրինի հողային աշխատանքներ: Հայտնի է դարձել, որ «Վենդոռ» ընկերությունը «Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել, հարթեցնում ու լայնացրել է դեպի Գոշ լիճ տանող ճանապարհը, լճից տիղմը հանել ու կուտակել ափի երկայնքով։ Հրապարակումն ուղեկցվում էր լուսանկարներով և տեսանյութով:

«Վենդոռ» ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Մելքոնյանը պարզաբանել էր. «Լճում հողի շերտի մակարդակը բարձրացել է։ Տեղ կա՝ ջուրը 20-25 սանտիմետր է մնացել, ու արդեն բուսականություն է աճում։ Ճահճացման պրոցես է սկսել։ Հիմա էքսկավատորով լճի հատակը խորացնում ենք, որպեսզի ջուրը չհասցնի տաքանալ, էդ պրոցեսը կանգնի»:

«Դիլիջան» ազգային պարկի տնօրենի տեղակալ Վաղինակ Վասիլյանի կարծիքով՝ այս աշխատանքները բնությանը չեն վնասել։ Սակայն «Վենդոռ» ընկերությունը էքսկավատորը Գոշ լճի տարածք է տեղափոխել առանց «Դիլիջան» ազգային պարկի ղեկավարությանը տեղյակ պահելու։

Հրապարակումից հետո ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնել էր, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ռեկրեացիոն գոտու «Գոշ լիճ» տեղամասից` պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքով հանգստի գոտի կազմակերպելու և սպասարկման ծառայություններ մատուցելու նպատակով, համաձայն 2015-ին կնքված պայմանագրի, օգտագործման է տրվել «Վենդոռ» ՍՊԸ-ին:

Ըստ պայմանագրի` կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է բարեկարգել տարածքը, մաքրել աղբից և չոր ճյուղերից, չխախտել լճի էկոհամակարգը և էնդեմիկ կարգավիճակը: «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Վենդոռ» ՍՊԸ-ն իրականացրել է տարածքը չորացած փայտից և աղբից մաքրելու աշխատանքներ, որոնք այս պահին դադարեցված են: Կատարվում են ուսումնասիրություններ:

Գոշ լճի հարակից տարածքներում նախատեսված աշխատանքները կատարվելու են համաձայն «Վենդոռ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով հաստատված ծրագրի` բնապահպանական փորձաքննություն անցնելուց հետո: