24 հոկտեմբերի 2007 - 14:47 AMT
ՀՀ վարչապետը հուսով է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը կընդունվի Ներկայացուցիչների պալատում
«Մենք հուսով ենք, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը կընդունվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանն ընդունելության ժամանակ: Նրա խոսքերով, ԱՄՆ պաշտոնատար անձնաց հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են տնտեսության եւ անվտանգության հարցեր:

«Բանաձեւի հարցը չի քննարկվել ոչ փոխնախագահ Դիկ Չեյնիի եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի, ոչ էլ Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդի հետ հանդիպումներում»,-ասել է Սարգսյանը: Հայաստանի վարչապետն ասել է նաեւ, որ հուսով է, թե բանաձեւն կընդունվի, քանի որ Թուրքիայի ճնշումն անընդունելի է Ներկայացուցիչների պալատի համար: «Հայոց ցեղասպանությունը եղել է եւ դա բանավեճի առարկա չէ: Մենք համոզված ենք, որ դա Ցեղասպանություն էր եւ որքան շուտ Թուրքիան դա ճանաչի, այնքան լավ բոլորի համար` ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի»,-ընդգծել է Սարգսյանը:

«Ասոշիեյթիդ պրեսը» նշում է, որ Հայաստանի վարչապետի այցը ժամանակի առումով համընկավ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ լարվածության հետ, քանի որ Թուրքիան դեմ է նրան, որ օրենսդիրները պատմական հարցեր լուծեն: Թուրքիան հայտարարում է, թե բանաձեւի ընդունման դեպքում բացասական ազդեցություն կունենա Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը 1993 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի պատճառով: Երկու երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ:

«Ես չեմ հասկանում, թե ինչի մասին են խոսում թուրքերը: Մենք չունենք հարաբերություններ: Մենք չենք կարող բարելավել այն, ինչը գոյություն չունի»,-ասել է Սարգսյանը: Նա նաեւ նշել է, որ պատմական արդարության վերականգնումը ոչ մի ընդհանուր բան չունի երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու հետ: «Դա նախապայման չէ հարաբերությունների նորմալացման համար»,-ընդգծել է Սարգսյանը:

Նա նաեւ հաղորդել է, որ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ քննարկել է ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը: Ս.Սարգսյանի եւ Ռայսի հանդիպումից հետո Պետդեպարտամենտը հայտարարեց, թե կողմերը քննարկել են համատեղ տնտեսական հարցեր, մասնավորապես, ուղղված Հայաստանում տնտեսական բարեփոխումների դիտարկմանը, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»: