12 ապրիլի 2017 - 17:14 AMT
Պուտին. ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ի առևտրի ծավալն աճել է 80%-ով

Անդամակցելով ԵՏՄ-ին՝ Հայաստանն ու Ղրղզստանն ակնհայտ առավելություններ ստացան: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է Կրեմլի կայքը:

Պատասխանելով այն հարցին, որ ԵՏՄ-ում գրեթե բոլորը բախվել են այն նույն խնդիրներին ու դժվարություններին, ինչ ՌԴ տնտեսությունը պատժամիջոցներից հետո՝ ՌԴ նախագահն ասել է, որ ՌԴ և ԵՏՄ տնտեսության վրա ոչ թե պատժամիջոցներն են ազդել, այլ համաշխարհային շուկայում տեղի ունեցած կոնյուկտուրային փոփոխությունները:

«Անկեղծ ասած, պատժամիջոցներն այստեղ կապ չունեն, դրանց ազդեցությունը նվազագույն է: Լուրջ ազդեցություն է թողել համաշխարհային շուկայի կոնյուկտուրայի փոփոխությունը և դա, անշուշտ, ազդել է մեր գործընկերների տնտեսության վրա: Եվ ազդել է անմիջապես նրանց վրա, ոչ թե ՌԴ միջոցով: Իհարկել կա փոխկապակցվածություն և մեր գործընկերների կախվածություն ՌԴ տնտեսությունից և հակառակը», -ասել է Պուտինը:

Նա շեշտել է, որ միևնույն ժամանակ կան ինտեգրման գործընթացների առավելույուններ: «Օրինակ, Ղրղզստանն ու Հայաստանը, որոնք ավելի ուշ են միացել ԵՏՄ-ին, ակնհայտ առավելություններ ունեն: Կտրուկ աճել են առևտրի ծավալները: Ղրղզստանի դեպքում՝ 2,5 անգամ, իսկ Հայաստանի պարագայում՝ 80 տոկոսով»,-ասել է Պուտինը:

2016-ին ՀՀ արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել: 2016 թվականի հունվար-դեկտեմբերին արտահանումը կազմել է $1.782 մլրդ կամ 855.9 մլրդ դրամ: 2016-ի միայն առաջին 10 ամսում ՀՀ-ից, ըստ վիճակագրական տվյալներին, արտահանման ամենամեծ ծավալները գրանցվել են հետևյալ ոլորտներում՝ լեռնահանքային արդյունաբերություն` մոտ $387,3 մլն, պատրաստի սննդամթերքի արտադրություն` $244 մլն, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտադրություն` մոտ $192,8 մլն:

Ընթերցեք նաև. Պուտին. Թրամփի օրոք ռուս-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի են վատթարացել