Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) ստանձնել է ապրիլի 11-ին Դիարբեքիրի ոստիկանության վարչության մոտ հնչած պայթյունը:
Ապրիլի 11-ին հզոր պայթյուն է որոտացել Դիարբեքիրի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության մոտ Երևանի ժամանակով 11:45-ին: ԶԼՄ-ները հայտնել են 3 մարդու մահվան և 10 վիրավորի մասին:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն պայթյունն ահաբեկչություն է որակել: Սկզբից լրատվամիջոցները հայտնել էին գազի պայթյունի մասին:
Նա հավելել է, որ ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Դիարբեքիրը համարվում է քրդերի ոչ պաշտոնական մայրաքաղաքը և հիմնականում քրդաբնակ է: 2015-ի հուլիսին ՔԱԿ հետ զինյալ հակամարտության վերսկսումից ի վեր զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում այցելել հարավ-արևելյան շրջաններ, այդ թվում Դիարբեքիր անվտանգության նկատառումներով:ՔԱԿ հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է արդեն 30 տարուց ավելի և 40.000 մարդու կյանք է խլել: ՔԱԿ-ը պայքարում է անկախ քրդական պետություն ստեղծելու համար: