12 ապրիլի 2017 - 18:09 AMT
Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019 թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը հաստատվել է

Ապրիլի 7-ին ՆԱՏՕ-ի Հյուսիս-ատլանտյան խորհուրդը և Հայաստանը հաստատել են թվով 5-րդ Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019 թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ)։

ՀՀ արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ ԱԳԳԾ իրականացումը նպաստում է Դաշինքի հետ Հայաստանի քաղաքական երկխոսության շարունակական զարգացմանը, ՀՀ պաշտպանական ոլորտի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ընդլայնմանը և ուժեղացմանը, աղետների նվազեցմանը և ճգնաժամային կառավարմանը, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցության վերաբերյալ հասարակական իրազեկման բարձրացմանը:

Ծրագրում ներառված են նաև ՆԱՏՕ-ի Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության միջոցառումներ:

Հայաստանը և ՆԱՏՕ-ն համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ և ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունները: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) նախանշում է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ծրագիրը, ինչպես նաև սահմանում բարեփոխումների լայն շրջանակ:

Հայկական ուժերը 2004թ.-ից սկսած մասնակցում են Դաշինքի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը: 2010 թ. փետրվարից Հայաստանում մասնակցում է նաև Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կոմղից իրականացվող գործողությանը: