Ռուսաստանն օգտվել է իր վետոյի իրավունքից և արգելափակել է ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծը Սիրիայում քիմզենքի կիրառման վերաբերյալ:
Բանաձևի վերաբերյալ ԱԽ նիստը տեղի է ունեցել ապրիլի 12-ին: ԱԽ քննարկմանը նախագիծը ներկայացրել էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Նախագծով առաջարկվում էր ՄԱԿ գլխավոր քարտուղարին օգնել հետաքննել քիմզենքի կիրառման հետ կապված միջադեպերը Սիրիայում, այդ թվում Հան Շեյխունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելաթրը բանաձևի նախագիծն անվանվել է պարզ և հավասարակշված:
Նոր տարբերակը գրեթե նախկինի կրկնությունն էր, որն առաջարկվել էր ավելի վաղ, սակայն չէր դրվել քվեարկության: Այն մի շարք պահանջներ է ներկայացնում Սիրիայի իշխանություններին, մասնավորապես պահանջվում էր ապահովել ՄԱԿ և ՔԶԱԿ փորձագետների մուտքը ռազմական ավիաբազաներ:
ՌԴ-ն ներկայացրել էր բանաձևի իր տարբերակը, որն ըստ ՌԴ ԱԳՆ-ի, ուղղված է իրական հետաքննություն անցկացնելուն, ոչ թե մինչ փաստերը պարզելը մեղավորներ գտնելուն:
Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, արևմտյան երկրների ներկայացրած բանաձևի նախագիծը նվիրված է ոչ միայն միջադեպի հետաքննությանը, այլև մեղադրանքների օրինականացմանը:
ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել: