24 հոկտեմբերի 2007 - 17:44 AMT
Հայաստանի Ռազմական դոկտրինը ուղարկվել է միջազգային փորձաքննության Ռուսաստան, ՆԱՏՕ եւ ԱՄՆ
Հայաստանի Ռազմական դոկտրինը ներկայացվելու է նախագահի հաստատմանը 2007 թվականի դեկտեմբերին, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, չորեքշաբթի ելույթ ունենալով Պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում` Ռազմական դոկտրինի նախագծի փորձագիտական եւ հասարակական քննարկումներին: Նրա խոսքերով, Ռազմական դոկտրինի մշակման ժամանակացույցին համապատասխան, որը հաստատվել է Հայաստանի նախագահի կողմից, փաստաթուղթը ուղարկվելու է միջազգային փորձաքննության Ռուսաստան, ՆԱՏՕ եւ ԱՄՆ:

«Մինչեւ հոկտեմբերի վերջ մենք կստանանք փորձաքննության արդյունքները, ինչից հետո Ռազմական դոկտրինի նախագիծը կներկայացվի կառավարությանը, կանցնի լսումներ Ազգային ժողովում եւ կքննարկվի Ազգային անվտանգության խորհրդում: Դրա արդյունքում մենք կկարողանանք ներկայացնել փաստաթուղթը Հայաստանի նախագահի հաստատմանը 2007 թվականի դեկտեմբերին»,- ասել է Հարությունյանը:

Նա նշել է, որ Ռազմական դոկտրինը հանդիսանում է Հայաստանի առջեւ դրված ռազմական սպառնալիքներին եւ դրանց չեզոքացմանը, պետության պաշտպանության կազմակերպմանը, դրա կառուցվածքին, խնդիրներին, Զինված ուժերի նպատակներին եւ գործունեությանը վերաբերող, տեսականորեն հիմնավորված պաշտոնական դիրքորոշումների կոնցեպցիա:

«Ռազմական դոկտրինի հիմնական իմաստը պետության անվտանգության սպառնալիքների որոշումն է եւ դրանց կանխումը: Սակայն դոկտրինը միայն այդքանով չի սահմանափակվում: Դա ընդարձակ փաստաթուղթ է, որում ընդհանուր ներկայացված է պետության ռազմական անվտանգության կազմակերպման, Զինված ուժերի եւ պաշտպանության համակարգի բոլոր ուղղությունները»,- ասել է Հարությունյանը:

Նրա խոսքերով, Ռազմական դոկտրինը հանդիսանում է կողմնորոշիչ բոլոր այն պետական գերատեսչությունների համար, որոնք պատասխանատու են ռազմական անվտանգության համար, եւ ապահովում է նրանց ընհանուր ռազմավարությունը երկրի պաշտպանության գործում:

Պաշտպանության նախարարը նշել է, որ Ռազմական դոկտրինի նախագծի մշակման ժամանակ մանրամասնորեն ուսումնասիրվել է միջազգային փորձը եւ տարբեր երկրների նմանատիպ փաստաթղթերը: «Սակայն մենք մեր առջեւ այլ երկրի մոդելը վերցնելու նպատակ չենք դրել: Մենք, օգտագործելով առավել արդյունավետ մոտեցումներն ու միջոցները, փորձում էինք այնպիսի փաստաթուղթ ստեղծել, որը առավելագույնս կհամապատասխաներ մեր պահանջներին եւ յուրահատկություններին, միաժամանակ լինելով հասկանալի միջազգային հանրության համար»,- ասել է Հարությունյանը: Ինչ վերաբերում է փասաթղթի բովանդակությանը, ապա, նրա խոսքերով, այդ տեսանկյունից, փաստաթուղթը մշակվել է` ելնելով բացառապես Հայաստանի եւ տարածաշրջանի յուրահատկություններից, երկրի Ազգային անվտանգության ռազմավարության հիմքի վրա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: