«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Ստեփանակերտում մեկնարկել է հանդբոլի մարզահրապարակի կառուցումը:
Ծրագիրն իրականացվում է ֆրանսիացի գործարարների ֆինանսավորմամբ: Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող մարզահրապարակը կունենա արհեստական խոտածածկով 800քմ դաշտ, 102 նստատեղ հանդիսատեսի համար, հանդերձարաններ: Մարզահրապարակի լուսավորումն ու կահավորումը կիրականացվեն արդի պահանջներին համապատասխան: Մարզադաշտը, որտեղ կարող են անցկացվել նաև ֆուտբոլի մարզումներ, կսպասարկի շրջակա դպրոցների ավելի քան 3000 աշակերտի:
«Ֆրանսիայի հանդբոլի հավաքականը երկար տարիներ աշխարհի առաջատարն է, և ով գիտի, գուցե արցախցի պատանի հանդբոլիստները դառնան վաղվա չեմպիոններ»,- ասում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:
2014թ.-ին էլ ֆրանսիացի գործարարների միջոցներով Հիմնադրամը մինի ֆուտբոլի դաշտ է կառուցել Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում, որտեղ իր պարապմունքներն է անցկացնում Արցախի ֆուտբոլի ուժեղագույն թիմերից մեկը՝ Ճարտարի հավաքականը: Ճարտարի մանկապարտեզը ևս ֆրանսիացի բարերարների նվերն է համայնքին: