13 ապրիլի 2017 - 17:48 AMT
Շերը կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայտնի երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել պաշտոնական Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին նա հայտարարել է Լոս Անջելեսում «Խոստումը» ֆիլմի պրեմիերայից հետո Press Association գործակալությանը տված հարցազրույցում:

Շերն ասել է, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը հայ բնակչության բնաջնջումը Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին ցեղասպանություն չեն որակում քանի որ ակնկալիքներ չունեն Հայաստանից: «Այդ պետությունները սպասելիք չունեն Հայաստանից, ճանաչման դիմաց որևէ բան չեն ստանալու: Մենք փոքր ենք: Հայաստանը չունի ելք դեպի ծով, չունի նավթ: Մենք նրանց բան չունենք տալու»,-ասել է երգչուհին:

Այն հարցին, թե արդյոք նա սպասում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կճանաչի Հայոց ցեղասպանութունը, Շերը պատասխանել է. «Ոչ», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Շերը բազմիցս է արտահայտվել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ:

2014-ին նա համեմատել էր Հայոց ցեղասպանությունը Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների ոչնչացման հետ: «Ցեղասպանությունն իրողություն է, թեև թուրքերը ժխտում են դա: Բայց դա տեղի է ունեցել: Ինչպես մենք են սպանել բնիկ ամերիկացիներին, թուրքերը սպանել են հայերին» ,-ասել էր նա: 2015-ին Շերը կոչ է արել Անկարային օբյեկտիվ գնահատել անցյալը:

Դերասանուհի և երգչուհի Շերը, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնիի հետ, ներկա են եղել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերային Լոս Անջելեսում:

«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին:

Photo: AP