14 ապրիլի 2017 - 10:58 AMT
Սարգսյան-Դոդոն հանդիպում. Կարևորվել է առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում գործակցությունը

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ:

Նախագահներ Դոդոնը և Սարգսյանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հայ-մոլդովական համագործակցության օրակարգը` երկուստեք կարևորելով Հայաստանի ու Մոլդովայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական և հումանիտար բնագավառներում համագործակցության զարգացումը, որը, նախագահների համոզմամբ, բխում է երկու երկրի և բարեկամ ժողովուրդների շահերից:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել իրավապայմանագրային դաշտը` մինչ այժմ երկու երկրի միջև ստորագրված շուրջ երկու տասնյակ համաձայնագրին ու պայմանագրին ավելացնելով նորերը: Այդ համատեքստում կարևորվել է միջխորհրդարանական կապերի և շփումների ակտիվացումը, առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է ապրիլի 14-ին Բիշկեկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:

Մոլդովայի նախագահը ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների համաձայնությամբ Բիշկեկում կմասնակցի խորհրդի նիստին, որի օրակարգի հարցերի թվում նախատեսված է քննարկել Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը: