25 հոկտեմբերի 2007 - 14:39 AMT
Հայաստանում եւ Ադրբեջանում նախընտրական արշավի ժամանակ Քոչարյանն ու Ալիեւը չեն հանդիպելու
Երկու երկրներում նախընտրական արշավի շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը չեն հանդիպի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս այցը տարածաշրջան շարքային այց է: «ԵԱՀԿ ՄԽ-ն «մաքոքային» դիվանագիտություն է իրականացնում, որի ընթացքում քննարկվում են կարգավորման ընթացիկ հարցեր: Առաջարկներում ոչ մի նոր բան չկա: Երեւանից հետո միջնորդները մեկնել են Բաքու, իսկ հոկտեմբերի 27-ին նրանք կվերադառնան Երեւան: Մենք կրկին կհանդիպենք, այցի արդյունքների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար»,-ասել է Օսկանյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) գտնվում են տարածաշրջանում հերթական այցով: