25 հոկտեմբերի 2007 - 15:03 AMT
Հայաստանը երբեք չի խոչընդոտել ԵԽԽՎ մշակութային ժառանգության պահպանման գծով առաքելության այցին
Հայաստանը երբեք չի խոչընդոտել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Էդվարդ Օ' Խարայի գլխավորած մշակութային ժառանգության պահպանման գծով առաքելության այցին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը խոչընդոտում է առաքելության այցին, պնդելով, որ ԵԽԽՎ պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղ պետք է մեկնի Բաքվից: «Ինչ վերաբերում է Նախիջեւանին, ապա այստեղ ամեն ինչ պարզ է` Նախիջեւանը Ադրբեջանի մի մասն է: Մեր կողմից երբեք խոչընդոտներ չեն եղել, ուղղակի Ադրբեջանը դեմ է ԵԽԽՎ պատվիրակության այցին»,-ընդգծել է Օսկանյանը:
ԵԽԽՎ մշակութային եւ պատմական ժառանգության պահպանման գծով առաքելության այցը տարածաշրջան հետաձգվել է մի քանի անգամ, վերջին անգամ դա եղել է 2007 թվականի հունիսին: Ըստ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաֆայել Հուսեյնովի, Ադրբեջանը թույլ կտա, որ ԵԽԽՎ առաքելությունն այցելի Ղարաբաղի, միայն այն դեպքում, եթե նրանք մեկնեն Բաքվից, այլ ոչ թե Երեւանից: