«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունում կասկածում են, որ ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք հանրաքվեն խորհրդարանական հանրապետությունից նախագահականի անցնելու վերաբերյալ օրինական է:
Քարոզարշավն ընթացել է անկախ ԶԼՄ-ների հետապնդման աննախադեպ ալիքի պայմաններում, որի պատճառով երկրի ապագայի համար կարևորագույն բարեփոխումն առանց պատշաճ հրապարակային քննարկման է մնացել: Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, հայտնում է Deutsche Welle-ն:
«Ինչպե՞ս կարող են Թուրքիայի բնակիչները կշռադատված որոշում կայացնել առանց հարցի լայն լուսաբանման ԶԼՄ-ներում և տարակարծության բախման: Ժողովրդավարության համար անհրաժեշտ պայման է մամուլի ազատությունը, այն պետք է անհապաղ վերականգնվի»,-ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Քրիստիան Մուրը:
Կազմակերպությունում կարծում են, որ Թուրքիայում ահաբեկման մթնոլորտ է տիրում, որն ուղղված է նախագահի լիազորությունների ընդլայնման հակառակորդների դեմ:
Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոյի տնօրեն Միխաել Գեորգ Լինկը: Ըստ Լինկի, գլխավոր խնդիրը ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների ձերբակալություններն են: Խոսքը, մասնավորապես, ընդդիմադիր Ժողովրդների դեմոկրատական կուսակցության մասին է:
Սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա Թուրքիայում ապրիլի 16-ին: Համաժողովրդական քվեարկության կդրվեն ուղղումները Հիմնական օրենքում, որոնցով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աննախադեպ լիազորություններ կստանա: Ընդդիմությունը կարծում է, որ բռնապետությունն օրինականացնելու փորձ է: