15 ապրիլի 2017 - 12:05 AMT
Տողանյան. ՀՀ-ն կհայտնի իր դիրքորոշումը, եթե Ադրբեջանը ցանկանա անդամակցել ԵՏՄ-ին

Եթե Ադրբեջանը հանդես գա ԵՏՄ-ին անդամակցելու նախաձեռնությամբ, Հայաստանը կունենա իր հատուկ կարծիքը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում:

«Դեռ վաղ է խոսել այդ մասին: Դա կախված է նրանից, թե կոնկրետ ինչ նախաձեռնությամբ հանդես կգա Ադրբեջանը՝ դիտորդ կցանկանա դառնալ, թե լիարժեք անդամ: Ըստ դրա, մենք կձևավորենք մեր դիրքորոշումը, այդ հարցում այն անպայման կլինի», -ասել է դեսպանը:

Տողանյանը նշել է, որ գոյություն ունի ԵՏՄ-ին անդամակցելու կարգ, որն ամրագրված է կանոնադրական փաստաթղթերում: «Ադրբեջանի անդամակցության մասին որոշում ընդունելու են ԵՏՄ անդամները, այսօր դրանք 5-ն են», -ասել է դեսպանը:

Նա արձանագրել է, որ վերջին տարիներին ԵՏՄ հանդեպ ակտիվ հետաքրքրություն կա, ինչպես հետխորհրդային տարածքում, այնպես էլ այլ գործընկերների կողմից:

«Վիետնամն արդեն հատուկ կարգավիճակ է ստացել, բանակցություններ են ընթանում Իրանի հետ առևտրի ազատ գոտու ստեղծման վերաբերյալ, գործակցում ենք նաև Իսրայելի և Թուրքիայի հետ»,-ասել է Տողանյանը:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել Մոլդովային ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելուն: Այդ մասին ապրիլի 14-ին Խորհրդի նիստում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը:

Ընթերցեք նաև. ՌԴ-ում ՀՀ դեսպան. Սպառնալիքի դեպքում «Իսկանդերը» կկիրառվի առանց Մոսկվայի հետ համաձայնեցման