26 հոկտեմբերի 2007 - 15:14 AMT
Երեւանն ու Բաքուն կարո՞ղ են մինչեւ 2008 թվականի գարունը շրջանակային համաձայնագիր ստորագրել Ղարաբաղի վերաբերյալ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են շրջանակային համաձայնագիր ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մինչեւ գալիք տարվա գարուն: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Կա հավանականություն, որ մինչ գալիք տարվա գարնանը կայանալիք նախագահական ընտրությունները Հայաստանում, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները կարող են որեւէ շրջանակային համաձայնագիր ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ»,-հայտարարել է Բրայզան:

Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ համանախագհների Հայաստանի նախագահի հետ երեւանյան հանդիպման ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը չի բացառել նման ջենտլմենական համաձայնության կնքման հնարավորությունը: Սակայն, անշուշտ, դա չի լինի բանակցային գործընթացի ավարտը: Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ դեռեւս մնում են լուրջ քննարկում պահանջող հարցեր: Կարելի է ենթադրել, որ մինչ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները կողմերը շրջանակային համաձայնագիր կստորագրեն: Եվ ընտրություններից հետո Հայաստանի նորընտիր նախագահը կարող է հավանություն տալ այդ որոշմանը»,-ասել է Բրայզան:

Ամերիկացի միջնորդը նշել է, որ այս հանդիպմանը Հայաստանի ղեկավարները լավատեսորեն էին տրամադրված բանակցային գործընթացի հանդեպ: «Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ երկրում նոր թիմ է ձեւավորվում եւ չի բացառվում, որ այդ մարդիկ կցանկանան ընդահնուր լեզու գտնել ադրբեջանցի գործընկերների հետ»,-ասել է Բրայզան, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: