18 ապրիլի 2017 - 16:44 AMT
Բաքվում կալանավորված Ուելդանով-Գալուստյանի դատը կկայանա ապրիլի 26-ին

ՌԴ հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի դատը տեղի կունենա Բաքվում ապրիլի 26-ին: Մարատի քույրը՝ Մարիաննա Միրզոյանը մտահոգված է եղբոր ճակատագրով: «Նրան նախկինի պես անհանգստացնում է ստամոքսը, նա վատ է զգում բանտում: Նրան պետք է ազատ արձակել, նա անմեղ է, հակառակ դեպքում ես ծայրահեղ միջոցների կդիմեմ: Եթե պետք լինի, Բաքու էլ կմեկնեմ»,-ասել է Միրզոյանը, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Ըստ նրա, Մարատը նամակ է գրել մեկուսարանից, որը խնդրել է փոխանցել Բաքվում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնին: Սակայն, նամակը դեռ չի հասել հասցեատերին: Նամակում Մարատը հանդիպում է խնդրել հյուօատոսական բաժնի աշխատակցի հետ: Գալուստյանի փաստաբանն, ըստ նրա քրոջ, վախենում է պաշտպանել նրա շահերը, ուստի չեզոք դիրք է գրավել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում կալանքի տակ գտնվող ՌԴ հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով նախնական քննությունն ավարտվել է: Գործն ուղարկվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան:

Ավելի վաղ հաղորվել էր, որ ի պատասխան Ուելդանով-Գալուստյանի ընտանիքի բողոքների՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանությունն առաջարկել է նրանց ըմբռնումով վերաբերվել երկրում տիրող իրավիճակին ու նշել, որ «հայկական ծագումը բարդացնում է նրա պաշտպանությունը»: Դրանով իսկ դեսպանությունը փաստացի հաստատել է քաղաքացու հետապնդման ազգային դրդապատճառը:

Գալուստյանի ձերբակալությունը սոցցանցերում լայն քննարկման առիթ է դարձել։ Գալուստյանն ավստրիական Do&Co ընկերության ներկայացուցիչն է, որն զբաղվում էր Բաքվում Formula 1-ի մրցաշարի մասնակիցներին սննդի մատակարարմամբ: Ավելի վաղ՝ 2015 թվականին, Ուելդինովը Բաքու է այցելել նաև Եվրոպական առաջին խաղերի առիթով, սակայն խնդիրներ չի ունեց: Մարիա Միրզոյանը հայտնել է նաև, որ իր եղբայրը ծնվել է Բաքվում, սակայն ամուսնանալուց հետո կնոջ ազգանունը վերցրած լինելով՝ նախկինում խնդիրներ չի ունեցել այնտեղ։