18 ապրիլի 2017 - 12:16 AMT
Պուտինը հաստատել է Ղրիմից արտաքսված հայերի համար արտոնություններ սահմանող օրենքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դաշնային օրենք է ստորագրել, որով կեցության իրավունքի տրամադրման պարզեցված կարգ է սահմանվում 1944թ. Ղրիմից արտաքսված ազգերի համար: 1944-ին Ղրիմից արտաքսված ժողովրդների թվում էին նաև հայերը:

Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, ապրիլի 5-ին ընդունվել է Պետդումայում, ապրիլի 12-ին հավանության արժանացել Դաշնության խորհրդում, գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ փաստաթղթի, արտոնությունները տարածվում են տուժած քաղաքացիների, ինչպես նաև նրանց հարազատների վրա՝ տատերի, պապերի, հոր, մոր, կնոջ, երեխաների, թոռների, եղբոր, քրոջ, որդեգրի վրա: Այժմ ՌԴ-ում կեցության իրավունք ստանալու համար նրանք ստիպված չեն լինի ժամանակավոր բնակության թույլտվություն ձևակերպել, եթե ունեն ՌԴ ներքին մարմինների, դատախազության կամ դատարանի կողմից տրված տեղեկանք իրավունքների վերականգնման (ռեաբիլիտացիայի) մասին:

Օրենքը նախապատրաստվել էր ՌԴ նախագահի «Հայ, բուլղարացի, հույն, իտալացի, Ղրիմի թաթարների, և գերամանցի ժողովրդների ռեաբիլիտացիայի և նրանց վերածննդին ու զարգացմանը պետական աջակցության միջոցների մասին» հրամանագրի հիման վրա:

Ըստ Ղրիմի ՆԳՆ-ի, 2014-ի մայիսից 2015-ի փետրվարը ռեաբիլիտացիայի մասին տեղեկանքի 18.345 դիմում է ստացվել: Ըստ նախանական տվյալների, նման քաղաքացիների իրական քանակը մոտ 40.000 է: Օրենքը կյանքի կոչելու համար լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվի: