18 ապրիլի 2017 - 13:28 AMT
«Երկիր ծիրանին» Երևանի ավագանու ընտրությունների իր կարգախոսը կներկայացնի ապրիլի 21-ին

«Երկիր ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների իր կարգախոսը և նախընտրական ծրագիրը կներկայացնի ապրիլի 21-ին: Այս մասին «Էրեբունի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

«Մեր հիմնական թիրախը, իհարկե, Հանրապետական կուսակցությունն է, և մենք գալիս ենք իրենց հեռացնելու այս քաղաքական ասպարեզից։ Նրանք ձախողել են, և այս երկարաժամկետ պաշտոնավարումն ուղղակի կործանարար է եղել Երևանի համար»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Փոստանջյանը նշել է, որ Երևանի խնդիրները բազմատիպ ու բազմաշերտ են։ Նա հատկապես առանձնացրել է բնապահպանական խնդիրները, կանաչ տարածքների հաշվին շենքերի կառուցումը և այլն:

Լրագրողները հետաքրքրվել են՝ ԵԼՔ-ի հետ գործակցության եզրեր տեսնում են, թե ոչ, ինչին Փաստանջյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ տեղյակ եք, որ ԵԼՔ-ում ընդգրկված են մարդիկ, ում ես անձնապես ճանաչում եմ: Հնարավորություն կունենանք ինչ-որ հարցերի շուրջ գործակցել, բայց մենք գնում ենք վերցնելու քաղաքապետարանը»։

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ընդամենը երեք քաղաքական ուժ:«Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՀԿ-ինը՝ Տարոն Մարգարյանը: