18 ապրիլի 2017 - 14:34 AMT
ՀՀ-ն 4-րդն է ամռանը ռուսաստանցիների շրջանում ամենապահանջված երկրների թվում

Հայաստանը չորրորդն է 2017-ի ամռանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված երկրների թվում: Այդ մասին հայտնում են DaTravel.com ծառայության փորձագետները:

Ընկերության մասնագետները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով ՌԴ-ում և արտերկրում ավիատոմսերի ամրագրման ցուցանիշները:

Ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում առավել պահանջված ուղղությունն ամռանը կլինի Բուլղարիան: Երկրորդ հորիզոնականում Չերնոգորիան է, երրորդում՝ Վրաստանը, գրում է Lenta.ru-ն:

Հայաստանին հաջորդում են Իտալիան, Իսպանիան, Կիպրոսը, Չեխիան, Հունաստանը և Թուրքիան:

Հայաստանը ԱՊՀ և մերձավոր արտերկրի երկրների թվում 3-րդն է ռուսաստանցիների շրջանում համտեսային կամ գաստրոնոմիական զբոսաշրջության ոլորտում: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ վերլուծական գործակալությունն իր վերլուծության հիման վրա: Ըստ գործակալության, Ռուսաստանի բնակիչների շրջանում գաստրոնոմիական զբոսաշրջության համար ամենապահանջված երկրների հնգյակում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը: