26 հոկտեմբերի 2007 - 19:15 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը այցելելու է Բուլղարիա եւ Հունգարիա
Հոկտեմբերի 28-29-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով կգտնվի Բուլղարիայում: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նախատեսված են Վարդան Օսկանյանի հանդիպումները Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի, փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Իվայլո Կալֆինի, նաեւ Սոֆիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբերի 30-ին նախարար Օսկանյանը Սոֆիայից կուղեւորվի Հունգարիա: Բուդապեշտում ծրագրված է նախարար Օսկանյանի առանձնազրույցը Հունգարիայի ԱԳ նախարար Քինգա Գյոնցի հետ, նաեւ հանդիպումը Հունգարիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Զորթ Նեմեթի հետ: Նույն օրը երեկոյան նախատեսված է նախարար Օսկանյանի ելույթը Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: