18 ապրիլի 2017 - 16:21 AMT
Զարիֆ. ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է մասնակցեն Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծմանը

Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային միջանցքի ստեղծումը մեծ հնարավորություններ կբացի, իսկ փոխադրումների գինը ցածր կլինի: Այդպիսի հայտարարություն է արել Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում իր վրաց պաշտոնակից Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո:

Իրանի ԱԳՆ ղեկավարը Վրաստանում է գտնվում պաշտոնական այցով: Այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետի և նախագահի հետ:

Նա հավելել է, որ Թեհրանի այդ գաղափարի իրականացման համար «պարտադիր է Իրանի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունը»:

Զարիֆն ասել է նաև, որ տրանսպորտային միջանցքի ստեղծումը Պարսից ծոցի և Սև ծովի միջև կնպաստի մարդկանց մերձեցմանը: Նա նաև հայտնել է, որ առաջիկայում Թեհրան կայցելի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, գրում է Bizzone.info-ն:

Պարսից ծոց - Սև ծով միջազգային տարանցիկ միջանցքի ծրագրերը 2016-ի դեկտեմբերին քննարկվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի երևանյան հանդիպման ժամանակ: «Տարանցման տեսանկյունից Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու աշխատանքները պետք է ավարտին հասցնենք, երկաթգծի միջոցով պետք է ունենանք փոխկապակցված Պարսից ծոց-Սև ծով ուղղություն», ասել էր Ռոուհանին:

ՀՀ նախագահն իր հերթին ասել էր. «Մտքեր փոխանակեցինք Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու ծրագրերի շուրջ, որի իրականացմամբ կդյուրացվի բեռների միջազգային փոխադրումը, հնարավորություն կտրվի նվազագույն տրանսպորտային ծախսերով իրանական ապրանքներին մուտք գործելու եվրոպական շուկա, ինչպես նաև ներգրավվելու բեռների տարանցում այլ երկրներից», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: