27 հոկտեմբերի 2007 - 15:36 AMT
Այսօր 8 տարի է լրանում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից
Այսօր 8 տարի է լրանում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ ներխուժել է ահաբեկիչների խումբ, գնդակահարել է վարչապետ Վազգեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին եւ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին եւ Հենրիկ Աբրահամյանին:

Ահաբեկչական խմբի կազմում էին նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, ով որոշ ժամանակ աշխատել էր Հայաստանի հեռուստաընկերությունում, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաեւ Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը: Դատական գործընթացը սկսվել է 2001 թվականի փետրվարի 15-ին: 2003 թվականի դեկտեմբերի 2-ին «Կենտրոն- Նորք-Մարաշ» առաջին ատյանի դատարանը եղբայրներ Նաիրի եւ Կարեն Հունանյաններին, Էդիկ Գրիգորյանին, Վռամ Գալստյանին, Դերենիկ Բեջանյանին եւ Աշոտ Կնյազյանին ցմահ բանտարկության է դատապարտել: Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Բոլոր յոթ մեղադրյալները մեղավոր են համարվել հայրենիքին դավաճանելու եւ ահաբեկչության մեջ: ՀՀ Վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել դատավճիռը: