19 ապրիլի 2017 - 12:20 AMT
Երևանի դպրոցներից մեկը կանվանակոչվի Ռոբերտ Աբաջյանի պատվին

Ապրիլի 18-ին Երևանի ավագանու կրթության, մշակույթի, սպորտի և տուրիզմի հանձնաժողովում ներկայացվել է որոշման նախագիծ, որով առաջարկվել է Երևանի թ.147 դպրոցն անվանակոչել Արցախի հերոս, այդ դպրոցի շրջանավարտ Ռոբերտ Աբաջյանի անվամբ:

Ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է, որ հանձնաժողովի անդամները միաձայն դրական եզրակացություն են տվել այդ նախագծին:

«Ուրախ եմ այս նախագծի համար»,- գրել է Բախշյանը:

Ռոբերտ Աբաջյանը զոհվել է Քառօրյա պատերազմի ընթացքում՝ ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված իրենց դիրքը անձնազոհաբար պաշտպանելիս:

2016-ի սեպտեմբերին Ռոբերտ Աբաջյանի պատվին է անվանակոչվել նաև ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղի նորակառույց դպրոցը: