19 ապրիլի 2017 - 15:46 AMT
Լավրով. ՌԴ-ն դեմ չէ Աբխազիայով դեպի ՀՀ բեռնափոխադրումների վերսկսմանը

Ռուսաստանը խոչընդոտներ չի տեսնում Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումը վերականգնելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները շահագրգռված են, որ տարանցումը վերականգնվի: Աբխազիան ասել է, որ դեմ չէ դրան: Դա կախված է ոչ թե մեզանից, այլ այն երկրներից, դեպի ուր նման տարանցում կարող է լինել»,-ասել է Լավրովը:

Աբխազիայի նախագահ Հաջիմբան իր հերթին նշել է, որ երթուղու բացումը դրական ազդեցություն կունենա երկրի վրա, գրել է Sputnik-Աբխազիան:

«Դա լրացուցիչ միջոցներ կբերի, չեմ կասկածում, որ հարցը կարող է լուծվել»,-ասել է Հաջիմբան:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Աբխազիայում է գտնվում երկօրյա աշխատանքային այցով:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան կատարած այցից հետո հայտարարեց, որ պայմանավորվել է վրաց պաշտոնակցի հետ Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքի հարցում: «Եթե ձեզ հետաքրքրում է, թե լինելու է արդյոք այլընտրանք Լարսին, ապա կարող եմ հավաստիացնել, որ այո, լինելու է: Մնացածի մասին հետո, դեռ փակագծերը չեմ բացում»,-ասել էր նա: Ավելի ուշ նա հավելել է, որ Վրաստանում աբխազական երկաթգծի հարցը՝ որպես Լարսին այլընտրանք, չի քննարկվել: