19 ապրիլի 2017 - 15:35 AMT
Լե Պեն. Ղարաբաղյան հարցի ցանկալի լուծումը ՀՀ հետ միավորումն է

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը խոսել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։

«Լավ լուծում կլիներ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գային, ու Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին», - ասել է Լե Պենը՝ հավելելով, որ նման լուծումն ավելի ցանկալի է, քան Արցախի անկախությունը:

Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում Լե Պենը խոստացել է պահպանել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման ավանդույթը։ Քաղաքական գործիչը կարևորել է 1915թ․ բազմաթիվ հայերի ժամանումը Ֆրանսիա և նշել, որ նրանք «մեծ ներդրում են ունեցել» Առաջին աշխարհամարտից հետո Ֆրանսիայի վերակառուցման գործում։

«Կարևոր է, որ 1915թ․ Ցեղասպանությունը լայնորեն ճանաչվի աշխարհի բոլոր երկրների կողմից, Թուրքիան էլ վերջապես առերեսվի իր պատմության այդ սարսափելի էջին։ Ֆրանսիան պետք է լիովին աջակցի ճանաչման համար մղվող այդ պայքարին՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության օրրան, ինչպես նաև հանուն բազմաթիվ այն հայերի, որոնք ապաստան են գտել այստեղ և հաջողությամբ ինտեգրվել»,- ասել է Լե Պենը Nouvelles d’Arménie պարբերականին, հայտնում է ՍիվիլՆեթը:

Նա միանշանակորեն դեմ է հանդես եկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը՝ ասելով, որ «Ազգային ճակատ»-ը ներկայացնող եվրապատգամավորները մշտապես դեմ են քվեարկել ԵՄ-Թուրքիա բանակցություններում նոր գլուխների բացմանը։

«Ես այս հարցում անփոփոխ դիրքորոշում ունեցող միակ թեկնածուն եմ, և վստահություն եմ վայելում»,- նշել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է ապրիլի 23-ին։ Եթե թեկնածուներից որևէ մեկին չհաջողվի հավաքել ձայների կեսից ավելին, կանցկացվի երկրորդ փուլը՝ մայիսի 7-ին։

Կարդացեք նաև՝ Ֆիյոն. Ադրբեջանը 2016-ի ապրիլին փորձեց ուժով գրավել ԼՂ-ն