Կառավարության ապրիլի 20-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ճանապարահաշինության ու միասնական ցանցի վերաբերյալ մի քանի հանձնարարական է տվել։
Նա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարել է մեկամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը։
«Տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել առաջնահերթությունների վերաբերյալ հինգ տարվա աշխատանքային ծրագիր ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ», - նշել է վարչապետը, մեջբերում է Aysor.am-ը։
Բացի այդ, վարչապետը հանձնարարել է գնահատել ճանապարհների շահագործման գործող պայմանագրի գործողությունը.
«Հինգից տասը տարի, եթե անհրաժեշտ լինի՝ նույնիսկ ավելի երկարացնել պայմանագիրը»։
Գործադիրի ղեկավարը նաև հանձնարարել է ՀՀ մարզպետներին տրանսպորտի նախարարությանը տրամադրել համապարփակ տեղեկատվություն հանրապետությունում առկա բոլոր համայնքներից դեպի մարզկենտրոններ և հարակից խոշոր քաղաքաների ուղևորահոսքի վերաբերյալ՝ ըստ ժամային կտրվածքի։
Կարեն Կարապետյանը Վահան Մարտիրոսյանին հանձնարարել է մինչև 2017 թվականի հունիսի 1-ը մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական ուղևորացանցի ստեղծման տեխնիկական առաջադրանք։
Վարչապետը տրանսպորտի նախարարին հանձնարարել է նաև հատուկ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքներին, կարգապահությանը, ճանապարհային նշաններին։
Ավելի վաղ նաև հաղորդվել է, որ Երևանում տրանսպորտային համակարգի բարեփոխման արդյունքում նախատեսվում է միասնական տոմսային համակարգի ներդրում: