20 ապրիլի 2017 - 12:08 AMT
Անդրանիկ Հարությունյանը՝ ջիու-ջիցուի ԱԱ արծաթե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող Անդրանիկ Հարությունյանը (Rio Grappling club) Աբու Դաբիում անցկացվող պրոֆեսիոնալ ջիու-ջիցուի 2017 թվականի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի:

PanARMENIAN.Net-ի հետ զրույցում մարզիկը նշեց, որ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ ներկայացուցիչ Մաքսիմ Պիչուգինը: 3-րդ հորիզոնականում կրկին ՌԴ ներկայացուցիչ է՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Զաուր Զանթագելովը Չեչնիայից:

Աբու Դաբիի պրոֆեսիոնալ ջիու-ջիցուի 2017 թվականի առաջնությունում ընդհանուր առմամբ մրցագորգ դուրս կգա ավելի քան 7000 մարզիկ ամբողջ աշխարհից:

Բրազիլական ջիու-ջիցուն մարտարվեստ է և միջազգային մարզական մենամարտ, որի հիմքում պայքարն է պարտերում՝ գետնին, ինչպես նաև ցավոտ և խեղդող հնարքներ: Այս մարտարվեստն առաջացել է XX դարի սկզբին Կոդոկան ձյուդոյի հիման վրա, որն ինքնուրույն նորաստեղծ համակարգ էր, հիմնված 1882-ին, որը ձևավորել էին ճապոնական ջիու-ջիթսուի (րյու) բազմաթիվ դպրոցները: Արվեստը հիմնված է այն սկզբունքի վրա, որ թույլ մարդը կարող է պաշտպանվել իրենից ուժեղ մրցակցից և նույնիսկ հաղթել նրան:

2015-ին Աբու Դաբիում ջիու-ջիցուի դեռահասների աշխարհի առաջնությունում հայ մարզիկ Կարո Միրիբյանը գրավել էր երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:

2009-ից Հայաստանում բրազիլական ջիու-ջիցուի Դրակուլինո խումբ է գործում: PanARMENIAN.Net-ը զրուցել է թիմի մարզչի և մարզիկների հետ՝ ներկայացնելով մարտարվեստի առանձնահատկությունները՝ Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում. Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի