20 ապրիլի 2017 - 14:36 AMT
Սևանում ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն կտեղակայվի

Գյուղատնտեսության նախարարությանը 2017-ի առաջին կիսամյակում 2 միլիոն դրամ կհատկացվի: Որոշումը կայացվել է կառավարության նիստում Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման շրջանակում:

Գումարը նախատեսված է տրամադրել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին՝ կանոնադրական նպատակների իրականացման համար:

Համալիր ծրագրի շրջանակներում շահագործման է հանձնվել մանրաձկան արտադրության գործարանը և Սևանում տեղադրվել է առաջին ցանցավանդակային տնտեսությունը:

Ծրագրով նախատեսվում է ընթացիկ տարում Սևանա լճում տեղակայել ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն: Գործընթացի արժեշղթայի ամբողջականությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև կառուցել բացօդյա ավազաններ, ինչպես նաև ձկան բազմացման կայան (սելեկցիոն տնտեսություն):

Ապրանքային ձկան արտադրությունն իրականացվելու է լճում տեղակայված տնտեսություններում, հետևաբար այդ գործընթացն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ունենալ համապատասխան ջրային փոխադրամիջոցներ՝ սպասարկման, այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպելու համար: Արդյունքում կստեղծվեն Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսված ձկան արտադրության արժեշղթայի օղակներ:

Գործունեության արդյունավետ կազմակերպման արդյունքում ձևավորված միջոցները կուղղվեն Սևանա լճի հիմնախնդիրները լուծմանը, և կնպաստեն իշխանի պաշարների վերականգնմանը: