21 ապրիլի 2017 - 09:55 AMT
ՀՀԿ խոսնակ. Ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնությունը կստորագրվի

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիա կազմելու շուրջ քննարկումները շարունակում են: Այս մասին ապրիլի 21-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Շատ հավանական է, որ 2017 թվականին ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնությունը կստորագրվի ու մենք պառլամենտում կունենանք երկու իշխանական կուսակցություն: Դա դեռ նախնական է, բայց հակվածությունը թե ՀՀԿ-ի, թե ՀՅԴ-ի մոտ ավելի շատ գործակցության շարունակությությունն է»,- նշել է ՀՀԿ խոսնակը, գրում է Panorama.am-ը:

2016-ին ՀՅԴ-ն Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստորագրել էր համագործակցության համաձայնագիր, որի արդյունքում Հայ հեղափոխական դաշնակցությունը ստացել էր 3 նախարարական, 2 մարզպետական պաշտոն։

Նա նաև հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկել են և ամփոփել 2017 թվականի ապրիլյան ընտրությունների արդյունքները, ընտատարածք առ ընտրատարածք ամփոփում են ընտրությունների որակն ու արդյունքները, կուսակցականների աշխատանքները:

2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: